Հայաստանի Հանրային Ռադիոն նշում է «2026 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կներառվեն պարտադիր առողջության ապահովագրական համակարգ։ ԱԺ-ն ձայների 64 կողմ, 2 դեմ, 5 ձեռնպահ հարաբերակցությամբ 2–րդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունեց «Առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին» օրենքը։ Առաջնահերթորեն պետբյուջեի միջոցներով կապահովագրվեն մինչև 18 տարեկան 700 հազար անձինք, 65 տարեկանից բարձր 400 հազար քաղաքացիները, 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցողներն ու սոցիալապես անապահովները։ 2026-ի հունվարի 1-ից առողջության պարտադիր ապահովագրման համակարգ կներառվեն նաև 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Նրանց ամսական ապահովագրավճարը կկազմի 10․800 դրամ, որի մեծ մասը կփոխանցի պետությունը՝ «Զինապահ» հիմնադրամից։
2026 թ․ 201 հազար դրամից մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները 300 դրամ, 500 հազար դրամից 1 մլն դրամ ստացողները 3․300 դրամ պակաս աշխատավարձ կստանան։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցիալական ցանցում մանրամասներ է ներկայացրել ապահովագրական համակարգի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ 201 հազարից մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների ամսական ապահովագրավճարը 10․800 դրամ է, որից 6 հազար դրամը քաղաքացու փոխարեն կվճարի պետությունը պետբյուջեից։ Սա այն սոցկրեդիտների գումարն է, որը պետությունը կվճարի ոչ թե 2027, այլ 2026 թ․։ Իսկ մնացած 4․500 դրամը կփոխանցվի «Զինապահ» հիմնադրամից, և միայն 300 դրամ կպահվի քաղաքացու աշխատավարձից։ 500 հազարից մինչև 1 մլն դրամ աշխատավարձ ստացողների դեպքում 7․500 դրամը կփոխանցվի «Զինապահ» հիմնադրամից, 3․300 դրամը կպահվի քաղաքացու աշխատավարձից։ Նախարարը ԱԺ-ի այս տարվա վերջին արտահերթ նիստում, երկրորդ անգամ ներկայացնելով նախագիծը, շեշտեց՝ բացեր ու թերացումներ կլինեն, սակայն դրանք հիմք չեն օրենքի ընդունումը հետաձգելու․
«Այո՛, այս համակարգը ներդրման ընթացքում կունենա վերանայման, շտկման, որոշակի լրամշակման կարիք։ Մենք օրենքով էլ նախատեսել ենք, որ առաջին 6 ամիսներին մեր մոնիտորինգի արդյունքները կամփոփենք և, իհարկե, կարիքի դեպքում հանդես կգանք նաև օրենսդրական փոփոխություններով»։
Առաջին փուլում՝ 2026-ին, պետբյուջեի միջոցներով կապահովագրվեն մինչև 18 տարեկան 700 հազար, 65 տարեկանից բարձր 400 հազար քաղաքացիներ։ Կապահովագրվեն նաև 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցողներն ու սոցիալապես անապահովները։ Օրենքի նախագծի առաջինից երկրորդ ընթերցման փուլում ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր պարտադիր ապահովագրման առաջին փուլում համակարգ ներառել ոչ թե 65, այլ 63 տարեկանը լրացած քաղաքացիներին։ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այս փուլում հնարավոր չէ անել այդ փոփոխությունը, քանի որ 2026-ի բյուջեն արդեն հաստատվել է․
«63-64 տարեկանների հետ կապված առաջարկներն օր առաջ ուժի մեջ կմտնեն, եթե ձեր խմբակցության շատ կարկառուն ներկայացուցիչներ չսպասեն գույքի բռնագանձման որոշումներին և կամովին ավելի շուտ վերադարձնեն տարիներով գողացած գումարները»։
Նախարարի այս արձագանքը հաջորդում է «Հայաստան» խմբակցության անդամ Տիգրանուհի Կյուրեղյանի այն մտահոգությանը, որ նման կարգավորումը կարող է անարդարության զգացում առաջացնել 63-ից 64 տարեկան չաշխատող քաղաքացիների շրջանում․
«Նույն՝ 63-64 տարեկան թոշակառուները ազատվում են աշխատանքից միայն այն պատճառով, որ իրենք արդեն թոշակառու են»։
Կյուրեղյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ համընդհանուր ապահովագրումը պարտադիր է լինելու նաև այն անձանց համար, որոնք արդեն ունեն մասնավոր ապահովագրություն․
«Մասնավոր ապահովագրական ընկերությունները, ըստ էության, քանդում եք։ Այսինքն՝ ձեր բերած օրենքից բխում է, որ հունվարից սկսած այն քաղաքացիները, որոնք մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ պայմանագրեր ունեին, և էդ ծառայությունների մեջ մտնում է փաթեթում ներառված ծառայությունները, ապա նրանք պետք է դա թողնեն և դիմեն միայն պետական ապահովագրական ընկերությունների, պետական ապահովագրության ծառայություններին։ Սա առնվազն քանդել է նշանակում մասնավոր գործող ապահովագրական ընկերությունները»։
Նախագծի առաջին քննարկման ժամանակ նախարարը մանրամասնել էր, որ համընդհանուր ապահովագրումը պարտադիր չի լինի միայն այն անձանց համար, որոնք իրենց առողջությունն ապահովագրել են միջազգային ընկերություններում, քանի որ միջպետական պայմանագրերը համարվում են ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող։ Ընդդիմության հաջորդ մտահոգությունն այն էր, որ օրենքը ուժի մեջ մտնելուց 2 շաբաթ առաջ քաղաքացիները չգիտեն, թե բուժօգնության ինչ ծառայությունների համար են վճարում։
«Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Գրիգորյան․
«Ես կարող եմ բացել իմ հեռախոսը, բազմաթիվ նամակներ ցույց տալ։ Հարցնում են՝ այսինչ վիրահատությունը փոխհատուցվելու է պետպատվերի, այսինքն՝ պարտադիր ապահովագրության շրջանակում։ Արդեն երկրորդ ընթերցումն է, օրենքը պիտի հաստատվի, էդպես էլ չիմացանք, մարդիկ գումարը տալիս են, դրա դիմաց ինչ ծառայություն են ստանում, բայց չէ՞ որ սա ֆունդամենտն է ամբողջ պրոցեսի»։
Անահիտ Ավանեսյանը կասկածի տակ է դնում ընդդիմադիր պատգամավորի՝ առողջության ապահովագրման գործընթացով հետաքրքրված լինելը․
«Տիկին Գրիգորյան, ես հասկացա, որ Ձեզ համար փաթեթն այն ժամանակ էլ հետաքրքիր չէր, որովհետև այն հրապարակված է, և Դուք այդպես էլ չեք ծանոթացել ու նույն հարցը ինձ հիմա տալիս եք»։
Օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Ապահովագրության փաթեթում ներառվում են պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակչության համար հիվանդությունների, մահացության կամ հաշմանդամության հիմնական պատճառ հանդիսացող հիվանդությունների և վիճակների կանխարգելման, բուժման և շարունակական հսկողության նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները: Սույն մասով սահմանված հիվանդությունների և վիճակների ցանկը հաստատում է կառավարությունը»։ Նախարարը վստահեցնում է, որ ապահովագրության փաթեթները կլինեն քաղաքացիների հեռախոսներում՝ ԱՐՄԵԴ հավելվածի միջոցով։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ առողջության պարտադիր ապահովագրման ամենակարևոր արդյունքը պետք է լինի հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը․
«Ընդգծում եմ հետևյալ փաստը, որ հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգում լինելու են սկրինինգային ծրագրեր, որոնք լինելու են պարտադիր և ամենամյա։
Սա կնպաստի առողջության հանդեպ նոր մշակույթի ձևավորման՝ կանխարգելելու և հայտնաբերելու հիվանդությունը վաղ ախտանիշների շրջանում»։
Ընդդիմության հաջորդ քննադատությունն այն էր, որ առողջապահական համակարգը պատրաստ չէ բարեփոխմանը։ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը հարցնում է՝ ինչ է անելու կառավարությունը, որ մարզում գրանցված քաղաքացին իր համայնքի կամ քաղաքի պոլիկլինիկա այցելու փոխարեն չգա մայրաքաղաքի հիվանդանոց ու հավելյալ ծանրաբեռնվածություն չստեղծի։ Ավանեսյանը պատասխանում է՝ մարզային բուժհաստատությունների վերազինումը կառավարության առաջնահերթություններից է․
«Հարգելի գործընկերներ, բավական է մարզերին սեգրեգացնող ձևակերպումներ անել։ Այո՛, մեր ուշադրության կենտրոնում է մարզերի բժշկական կենտրոնների ամբողջական վերափոխումը, և այդ ճանապարհը սկսվել է 2020-ից, հենց առաջին իսկ կապիտալ ծախսերում ներառվել են հենց մարզային կենտրոնները։ Սիրելի քաղաքացիներ, դուք ազատ եք լինելու ընտրելու ձեր բժշկական կենտրոնը, անկախ նրանից՝ մարզի բնակիչ եք, թե չէ»։
Առողջապահության նախարարը խոստանում է առաջիկա 6 ամիսներին պարբերաբար հրապարակել մոնիթորինգային տվյալները և անհրաժեշտության դեպքում մշակել օրենսդրական նոր կարգավորումներ»։

